ԿԸՀ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցվել 2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող 265 ծրար:
Նիստի ընթացքում, հանձնաժողովի որոշմամբ, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի 34 համայնքներում 2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները վերապահվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համար ձևավորվող տեղամասային հանձնաժողովներին: ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության համար ԱԺ խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը՝ խմբակցություններին հանրաքվեի քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: ԱԺ խմբակցություններին նախընտրական քարոզչության նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի նշած ժամանակը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
ԱԺ խմբակցություններին հանրաքվեի քարոզչության նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015 թ. նոյեմբերի 6-ից մինչև 2015 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2015 թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2015 թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015նթ. նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
2) 2015 թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար, 2015 թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ օրական երկու անգամ մինչև 4-ական րոպե վճարովի.
3) 2015 թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար, դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը սահմանել է նաև ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում ԱԺ խմբակցությանը փոխարենն այլ եթերաժամ չի տրամադրվում, խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցություն օգտագործել չի կարող: